Արևային և ջրածնային էներգետիկայի արտադրության ոլորտում նորարարական լուծումների մշակման, ֆինանսավորման և կառավարման ոլորտում ճանաչված և մեծ  փորձ ունեցող «Գրուպ Սոլժես Էներջի»  ընկերությունը պարգևատրվել է Ֆրանսիայի կառավարության կողմից` Ուսումնասիրությունների և մասնավոր հատվածի աջակցության հիմնադրամի (FASEP) «Նորարարական և կայուն լուծումներ էներգետիկ ինքնավարության համար» մրցույթում և հանձնառու է սկսել Հայաստանում հիբրիդային ֆոտովոլտային և ջրածնային ցուցադրական կայանի փորձնական ծրագրի ֆինանսավորումն ու կառուցումը՝ ֆրանսիական ընկերությունների ամբողջ էկոհամակարգի հետ գործակցելով։

Ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝

1)   Փորձնական ծրագիր. այլըտրանքային էներգիայի արտադրության նորարարական խելացի ցանցի նախագծի մշակում, կառուցում, գործարկում և շահագործում,

2)  Գիտահետազոտական գործունեություն` ուղղված գիտելիքահեն և բարձրտեխնոլոգիական տնտեսության խթանմանը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Ծրագրի իրականացման ողջ ընթացքում հանդես է գալիս, որպես փորձնական ծրագրի մասով տեղական շահառու, ինչպես նաև իրականացնում է արևային կայանի նախագծման և կառուցման բոլոր աշխատանքները՝ «Գրուպ Սոլժես Էներջի»  ընկերության ֆինանսավորմամբ։ Ջրածնային տեխնոլոգիաներին վերաբերող բոլոր նախագծային աշխատանքները և իրագործումը իրականացվում է «Գրուպ Սոլժես Էներջի»  ընկերության կողմից։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել արևային ֆոտովոլտային կայան, որում արտադրած ավելցուկային էներգիան կպահեստավորվի ջրածնային կուտակիչներում՝ էլեկտրոլիզյորի միջոցով արտադրված «կանաչ» ջրածնի տեսքով։ Ջրածնային կուտակիչները հնարավորություն են ընձեռում կուտակել էներգիան վառելիք-ջրածնի տեսքով կարճաժամկետ և երկարաժամկետ տևողությամբ։ Արտադրված «կանաչ» ջրածինը այնուհետև վառելիքային տարրում (fuel cell) միանալով թթվածնի հետ կգեներացնի էլեկտրական հոսանք։

Այսպիսով էլեկտրոլիզյորի միջոցով կիրականացվի մարտկոցներում կուտակված էլեկտրական էներգիայից ջրածնի` power-to-gas, այնուհետև վառելիքային տարրի միջոցով ջրածնից՝ հոսանքի gas-to-power և արդյունքում վերջին հաշվով  power‑to‑power գործընթաց։ Ջրածնային power-to-power համակարգի նպատակը ջրածնային կուտակիչների աշխատանքի փորձառությամբ տեղական մասնագետների վերապատրաստումն է, ՀՀ-ում այդ նոր տեխնոլոգիայի փորձնական կիրառումը, ինչպես նաև էլեկտրական ցանցի հետ աշխատանքի ռեժիմների ուսումնասիրությունը։

Տեղակայանքի հիմնական բաղկացուցիչ տարրերն են՝

  • Արևային ֆոտովոլտային կայան – 150 կՎտ հզորության,
  • Էլեկտրոլիզյոր – 100 կՎտ հզորության,
  • Ջրածնային կուտակիչ տարողություններ,
  • Վառելիքային տարր։

Մարտկոցներում էլեկտրաէներգիայի կուտակման և այդ էներգիայով էլեկտրոլիզյորներում ջրածնի արտադրության արդյունավետ ռեժիմները գտնվում են ավտոմատ՝ Solges Energy-ի Energy Management System համակարգի կիրառմամբ։ Սա կարևոր է ջրածնային տեղակայանքի տնտեսական նպատակահարմարության և արդյունավետության բարելավման տեսանկյունից։ Իրականացվելու է նաև ոլորտային մասնագետների վերապատրաստում՝ այս տեխնոլոգիաների հետ աշխատանքի փորձ ձեռք բերելու նպատակով։