«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագրում ներգրավված հասարակական նշանակության շենքերում էներգիայի խնայողությունը կազմել է 40%: Այդ մասին փորձագիտական խորհրդակցության ժամանակ հայտնել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը 2022 թվականից իրականացնում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) Ֆինանսավորմամբ 1,7 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ դրամաշնորհի տեսքով «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագրիրը։

Ծրագրի ընթացքում իրականացվել է հանրային նշանակության ավելի քան 150 շենքի նախնական էներգաաուդիտ: Դրա արդյունքում ընտրվել են 13 օբյեկտ, որոնցում իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Այսպես, օրինակ՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում տեղադրվել է 150 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ` հատակների և առաստաղների ջերմամեկուսացում, պատուհանների փոխարինում: 100 կՎտ հզորությամբ արևային կայան է տեղադրվել Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում, որը ծառայում է նաև որպես ավտոկայանատեղի: Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոնում իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ:

Փորձագիտական խորհրդակցության մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է տարածել ստացված դրական փորձը:

Ծրագրի արդյունքների ամփոփման նպատակով նախատեսվել է երկօրյա միջոցառում Երևանում և Գյումրիում։ Միջոցառման առաջին օրը տեղի է  ունեցել նոյեմբերի 19-ին Դաբլ Թրի բայ Հիլթոն հյուրանոցում, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի (UNDP) ներկայացուցիչները և ղեկավարությունը, էներգախնայողության տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի Հանրապետություների: Նոյեմբերի 20-ին իրականացվել է այց Գյումրի քաղաք, որտեղ մասնակիցները ծանոթացել են ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, Գյումրու Էնրիկո Մատտեի անվան և Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկաներ։

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2005 թվականին։ Հիմնադրամի նպատակն է նպաստել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը, խթանել շուկայի զարգացումը և ոլորտում ներդրումների ներգրավումը, մշակել էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ, պետության անունից կազմակերպել և իրականացնել ոլորտի զարգացմանը խթանող վարկային, դրամաշնորհային և այլ ծրագրեր։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող միջոցների ծավալով, որը  հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետությունների կողմից: ԿԶԵՀ-ի նպատակն է աջակցել Հիմնադրամի մասնակից պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև նպաստել դրանց կայուն զարգացմանը։