«Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնության «Կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» գործողության շրջանակում հերթական աշխատաժողովն անցկացվեց Երևանում՝ Արմավիր համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի համար։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի բացման խոսքով, որին հաջորդեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի ներկայացուցչի ելույթը։

Մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքները և Արմավիր համայնքում նախատեսվող միջոցառումների շրջանակը։

Աշխատաժողովի առաջին հատվածում քննարկվեցին հանրային շենքերի էներգաարդյունավետության և արևային ֆոտովոլտային նախագծերին վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց տանիքների ջերմամեկուսացմանը, պատուհանների և դռների էներգաարդյունավետ փոխարինմանը, արտաքին պատերի ջերմամեկուսացմանը, ջեռուցման և օդափոխության համակարգերի արդիականացմանը, ինչպես նաև տանիքային և հողի վրա տեղադրվող ՖՎ համակարգերին, կուտակիչ մարտկոցների կիրառման հնարավորություններին և ծրագրերի որակի վերահսկողությանը։

Աշխատաժողովի երկրորդ հատվածում ներկայացվեցին փողոցային լուսավորության արդիականացման և ընդլայնման հնարավորությունները՝ LED տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև էլեկտրաշարժունակության ենթակառուցվածքներին առնչվող հիմնական հարցերը՝ ներառյալ էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների տեղադրումն ու դրանց կիրառման հնարավորությունները։ Աշխատաժողովի վերջին հատվածը նվիրված էր կանաչ գնումների գործընթացի կազմակերպմանը։

Յուրաքանչյուր թեմատիկ ներկայացմանը հաջորդեցին մենթորության և ուղղորդման սեսիաներ՝ հարցուպատասխանի ձևաչափով, որոնք մասնակիցներին հնարավորություն տվեցին բարձրաձայնելու գործնական խնդիրները, քննարկելու համայնքում առկա մարտահրավերները և ստանալու մասնագիտական խորհրդատվություն։

Մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են՝ համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում գիտելիքի ամրապնդման, փորձի փոխանակման և կիրառելի լուծումների առաջմղման համար։

ավելին 


Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում, որպես Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) մաս, որը միջծրագրային նախաձեռնություն է՝ միտված խթանելու ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը Հայաստանի համայնքներում։