Մարտի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք և Մարի Մանուկյաններ» սրահում տեղի ունեցավ «Էլեկտրական էներգիայի կուտակման համակարգերի զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով քննարկում: 

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին» ծրագրի շրջանակներում՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի (STREACS ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագիծ) և Համաշխարհային բանկի հետ համատեղ:

Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել էլեկտրական էներգիայի կուտակման համակարգերի և ջերմային պոմպերի վերաբերյալ իրազեկվածությունը հանրության շրջանում, խրախուսել դրանց օգտագործումը և պետական մարմինների ուշադրությանը ներկայացնել այս տեխնոլոգիաները։

Միջոցառմանը բանախոսներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան պարոն Ֆրենկ Հեսսը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության ղեկավարը, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» տնօրեն Ալեն Գասպարյան-Ամիրխանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Կարեն Հովսեփյանը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Կատարինա Գասները և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) տնօրեն Կարեն Ասատրյանը:

Միջոցառման ընթացքում Հայաստանում էլեկտրական էներգիայի կուտակման համակարգերի զարգացման համար ֆինանսավորման առավել արդյունավետ մեխանիզմների և երկրի էներգետիկ համակարգում ԷԿՄՀ ինտեգրմանը նվիրված պանելային քննարկումներին մասնակցեցին ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ, էներգետիկայի հարցերով միջազգային խորհրդատու փորձագետներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև գիտական համայնքի ներկայացուցիչներ: ավելին