Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ իրականացրեցին «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» միջոցառումը։
Միջոցառումը նվիրված էր Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման հեռանկարներին, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառների ու էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման միտումներին ու հնարավորություններին:
Միջոցառումը միավորել էր ոլորտի քաղաքականություն մշակողներին, պետական և մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Միջոցառման մեկնարկին բացման ելույթով հանդես եկան Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք։ Օրվա ընթացքում ելույթներով հանդես եկան ոլորտի փորձառու մասնագետներ, որոնք ներկայացրին էներգետիկ ոլորտի խնդիրները, հեռանկարները և զարգացումները, նաև տեղի ունեցան պանելային քննարկումներ։
Միջոցառմանը ներգրավված էին նաև համայնքներից ներկայացուցիչներ։ Քննարկվել են համայնքներում էներգետիկ խնդիրները և դրանց ուղղված ծրագրերը, միևնույն ժամանակ աշխատարանների միջոցով փորձ է արվել նպաստել համայնքների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է «Մաքուր էներգիայի և կլիմայի գործողությունների հեքըթոնը» Գյումրու TUMO Center for Creative Technologies-ում։ Հեքըթոնի շրջանակներում երիտասարդները 24 ժամ շարունակ փորձել են նորարարական լուծումներ մտածել Գյումրի քաղաքի ամենաբազմազան խնդիրների համար՝ սկսած աղբի կառավարումից և էլեկտրաէներգետիկայից մինչև տրանսպորտ և ջուր։ Բոլոր խմբերի առաջարկած լուծումները հետաքրքիր էին, սակայն հատկապես աչքի էին ընկնում երեքը, որոնք էլ զբաղեցրել են առաջին երեք հորիզոնականները։ Առաջին հորիզոնականում SmarTech խումբն էր, որը հետաքրքիր լուծում էր առաջարկել Գյումրու աղբահանության խնդրին։ ավելին