Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ինժեներները մարտի 16-ին հանդիպեցին  Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ, ովքեր իրականացնում են «Էլեկտրական էներգիայի աղբյուրները և դրանց բնապահպանական ազդեցությունը» թեմայով նախագիծը։

Հանդիպումը կազմակերպվել էր Երևանյան լճի ափին՝ լողացող արևային կայանի տեղանքում, որի ընթացքում աշակերտները տեղում ծանոթացան արևային էներգիայի ստացման սկզբունքներին, լողացող արևային կայանի տեղադրման և շահագործման աշխատանքի առանձնահատկություններին, ինչպես նաև այլ վերականգնվող էներգիայի աղբյուրների առավելություններին։

Աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին քննարկմանը և ինժեներներին ուղղեցին բազմաթիվ հարցեր։

Նմանատիպ հանդիպումները կարևոր քայլ են պատանիների և երիտասարդների շրջանում վերականգնվող էներգիայի և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ գիտելիքների և հետաքրքրության ձևավորման համար։