2014թ-ի Հունիսին Կլիմայի Ներդրումների Հիմնադրամի (ԿՆՀ) ներքո Ցածր Եկամուտ ունեցող երկրների համար նախատեսված «Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի» (ՎԷԸԾ) ենթահանձնաժողովը վերականգնվող էներգիայի արտադրության ընդլայնման ու կիրառման նպատակով հաստատել է Հայաստանի ներդրումային պլանը և հավանություն տվել Հայաստանին արտոնյալ ֆինանսավորման տրամադրմանը:
Ներդրումային պլանը ներառում է երեք ծրագիր՝
ա) երկրաջերմային էներգիա,
բ) արևային ֆվ ծրագիր,
գ) ջերմային պոմպեր և արևային կոլեկտորներ:
Յուրաքանչյուր ծրագրի նախապատրաստումից հետո այն ենթակա է հաստատման նույն ենթահանձնաժողովի կողմից:
Առաջին ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացումը կատարվել է ՎԷԸԾ/ՎԶՄԲ դրամաշնորհի միջոցով, որը տրամադրվել է ՀՎԷԷՀ-ին 2014 թվականի սեպտեմբերին:
Գործառույթները ներառում էին Բնապահպանական և Սոցիալական Ազդեցության Գնահատումը, Վերաբնակեցման Քաղաքականության Շրջանակը, Մուտքային ճանապարհի, ջրամատակարարման համակարգի և հորատման հարթակի կառուցման նախագծային և հեղինակային հսկողության ծառայությունները։ Նշված գործառույթներին աջակցել է Համաշխարհային Բանկի փորձագետների թիմը:
Ծրագրի նախապատրաստման արդյունքները և ծրագրի նախագիծը ընդունելի էին ՎԷԸԾ-ի վարչության կողմից և 2015 թվականի հունիսի 16-ին կնքվեց դրամաշնորհային պայմանագիր Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի / P152039 / իրականացման նպատակով և 8.550.000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ տրամադրվեց Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ֆինանսավորում է ծրագրի ընդհանուր ծախսերի մոտ 20 տոկոսը։
Ծրագիրը առաջին փուլում ներառում է՝ մուտքային ճանապարհի, ջրամատակարարման համակարգի և հորատման հարթակի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային փաստաթղթերի պատրաստումը և իրականացումը ներառյալ տեխնիկական հսկողության իրականացումը, երկու նեղ հորատանցքերի հորատման աշխատանքների մրցութային փաստաթղթերի պատրաստումը և իրականացումը, ներառյալ տեխնիկական հսկողությունը, դրանց կարոտաժը և փորձարկումը, աուդիտը։
Ծրագիրը երկրորդ փուլում ներառում է՝ արտադրական հորատանցքի համար ջրամատակարարման համակարգի և հորատման հարթակի կառուցման շինարարական աշխատանքների համար մրցութային փաստաթղթերի պատրաստումը և իրականացումը, արտադրական հորատանցքի հորատման աշխատանքների համար մրցութային փաստաթղթերի պատրաստումը և իրականացումը, ներառյալ տեխնիկական հսկողությունը, դրանց կարոտաժը և փորձարկումը։ Բացի այդ նախատեսվում է նաև իրականացնել՝ Երկրաջերմային կայանի տեխնիկատնտեսական հիմնավորում, գործարքային խորհրդատվություն և աուդիտ։
Ներկայումս ՀՎԷԷՀ-ի կողմից իրականացվել և ավարտվել են ինչպես մուտքային ճանապարհի կառուցման աշխատանքները, այնպես էլ երկու նեղ հորատանցքերի հորատման և փորձարկման ու չափագրման աշխատանքները, կազմված են համապատասխան հաշվետվություններ։ Նախատեսվում է աշխատանքներ տանել երկրաջերմային կայանի կառուցման նպատակով ներդրողների որոնման ուղղությամբ։ Այդ նպատակով Համաշխարհային բանկի փորձագետների կողմից ՀՎԷԷՀ-ին է տրամադրվել միջազգային փորձառությամբ մոտ հիսուն կազմակարպությունների տվյալներ որոնց հետ քննարկումներ են իրականացվում։