2025 թվականի հուլիսի 1-ին Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը» (ՀՎԷԷՀ) կնքեցին նոր դրամաշնորհային համաձայնագիր։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական համայնքների կլիմայական դիմադրողականությունը՝ միաժամանակ նպաստելով կլիմայի պահպանությանը՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումների կիրառման միջոցով։ Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսավորմամբ՝ «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Նախաձեռնությունը հանդիսանում է GIZ-ի Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) մաս՝ «Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն» ուղղությամբ:

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ընտրել 15 համայնք, որտեղ կիրականացվեն առնվազն 30 միջոցառումներ՝ վերականգնվող էներգիայի (ՎԷ) և էներգաարդյունավետության (ԷԱ) ուղղություններով՝ համայնքային և հանրային ենթակառուցվածքներում։

Իրականացման համար համայնքները կապահովելեն առնվազն 20% համաֆինանսավորում։ Միևնույն ժամանակ խրախուսվում է լրացուցիչ պետական ֆինանսավորման ներգրավումը։

Նախաձեռնության հիմնական ակնկալվող արդյունքները մինչև 2027 թվականը ներառում են՝

  • Տարեկան առնվազն 500 տոննա CO արտանետումների կրճատում,
  • 30 ՎԷ/ԷԱ միջոցառումների իրականացում 15 համայնքներում,
  • Թիրախային համայնքների կլիմայական դիմադրողականության բարձրացում, էներգետիկ մատչելիության բարելավում այն համայնքներում, որոնք զուրկ են գազամատակարարման համակարգից։
  • Էներգաարդյունավետության ոլորտում համայնքների իրազեկուցման բարձրացում

Հիմնական թիրախային ենթակառուցվածքներն են՝

  • մանկապարտեզներ,
  • մշակութային, երիտասարդական և սպորտի կենտրոններ,
  • փողոցային լուսավորության համակարգեր և այլն:

Շահառուների ընտրության հարցում շեշտ կդրվի սոցիալապես անապահով, ցածր եկամուտ ունեցող, էներգետիկ տեսանկյունից խոցելի և հեռավոր բնակավայրերի վրա, որոնք գտնվում են ՀՀ հետևյալ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք և Տավուշ։