«Եվրամիությունը հանուն էներգետիկայի» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը երկու տարի տևողությամբ խորհրդատվական ծառայություններ է ստանում «Եվրոնեթ Քընսալթինգ» ընկերության կողմից, որի նպատակն է հզորացնել Հիմնադրամի ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ վերածելով վերջինիս լայն գործառույթներով ազգային էներգետիկ գործակալության, ինչպես նաև բարձրացնել ՀՀ բնակչության իրազեկվածությունը շուկայում առկա ՎԷ/ԷԽ լուծումների և ֆինանսավորման գործիքների վերաբերյալ։

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև զարգացնել Հիմնադրամի կարողությունները, խթանել վերջին տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը ազգային մակարդակով, բարելավել և ավելի նպաստավոր դարձնել օրենսդրական միջավայրը ՎԷ առաջընթացը ապահովելու նպատակով և էներգետիկ անվտանգությանը նպաստելու հարցում, մշակել համապատասխան քաղաքականություններ և առաջարկների փաթեթներ, աջակցել Հիմնադրամին՝ միջազգային ֆինանսական կառույցներին, միություններին, ալյանսներին, ընկերակցություններին անդամակցելու ուղղությամբ, բարձրացնել ՎԷ և ԷԽ ոլորտում հանրության իրազեկվածության մակարդակը։ 

Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք դասընթացներ, աշխատաժողովներ, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով կատարված այցելություններ ԵՄ տարբեր երկրներում գործունեություն ծավալող էներգետիկ գործակալություններ։

2024թ․-ի հոկտեմբերի 5-7-ը Հիմնադրամի պատվիրակությունը՝ տնօրեն Կարեն Ասատրյանի գլխավորությամբ, գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով այցելեց Բուլղարիայի «Կայուն էներգետիկայի զարգացման գործակալություն»  (the Sustainable Energy Development Agency (SEDA)): Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան գործակալության գործունեության առանձնահատկություններին, կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության ազգային քաղաքականությանը, Բուլղարիայում ՎԷ և ԷԽ ֆինանսավորման սխեմաներին ու համապատասխան օրենսդրական դաշտի առանձնահատկություններին, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման ուղղությամբ որդեգրված ազգային ռազմավարությանը։ Հիմնադրամի տնօրենը ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը Հայաստանում։

2024թ․-ի դեկտեմբերի 19-ին «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստանում ջերմային պոմպերի շուկայի ուսումնասիրության քննարկումը»։ Աշխատաժողովին մասնակցել են Հիմնադրամի մասնագետները,  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, բանկերի ներկայացուցիչներ ու մատակարարներ։ Քննարկման շրջանակներում ներկայացվեցին ջերմային պոմպերի շուկայի ուսումնասիրությունը, առկա տեսակներն ու շուկայում առկա խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները։

Ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 1 մլն եվրո։ Ծրագրի ավարտը 2025թ․-ի ապրիլին է։